Իրանը դադարեցրել է ուրանի հարստացման գործընթա...

Իրանում ուրանի հարստացում առայժմ չի իրականացվում միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո, սակայն Թեհրանը  մտադիր չէ հրաժարվել այդ գործընթացից՝ այն համարելով ազգային հպարտության հարց: Այս դիրքորոշումը հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այժմ այն դադարեցված է, քանի որ, այո, լուրջ վնաս է հասցվել։ Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, մենք չենք կարող հրաժարվել հարստացումից, քանի որ դա մեր գիտնականների նվաճումն է։ Դեռ ավելին, դա ազգային հպարտության հարց է։ Հարստացումը շատ թանկ է մեզ համար», - ասել է Արաղչին:

Նախարարը հավելել է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ գնահատում է միջուկային օբյեկտներին հասցված վնասի մասշտաբները և հարստացված ուրանի պաշարների վիճակը:

Ավելի վաղ ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, թե ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել, և Թեհրանը կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտները Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում, որոնց հարվածներ են հասցվել հունիսի 22-ի գիշերը, լիովին ոչնչացվել են: Բացի այդ, Սպիտակ տունը վստահեցրել է, որ Վաշինգտոնի ունեցած տեղեկատվության համաձայն՝ Իրանին չի հաջողվել նախապես հեռացնել միջուկային նյութերն այդ համալիրներից: