
Իրանը չի դադարեցրել և շարունակում է համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և չի բացառում, որ գործակալության տեսուչները կարող են ապագայում վերադառնալ երկիր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք շարունակում ենք համագործակցել նրանց, մեզ անհրաժեշտ է նոր աշխատանքային ընթացակարգ, քանի որ օբյեկտները ոչնչացվել են, - ասել է նա։ - Կախված աշխատանքային ընթացակարգից, գործակալության տեսուչների վերադարձը հնարավոր է»։
Արաղչիի խոսքով՝ գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտներ այցելելու յուրաքանչյուր խնդրանք կքննարկվի առանձին։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սա պետք է ուշադիր քննարկվի մեր Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով», - հավելել է նա։
Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Իրանն օրենք է ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ։ Մեջլիսի որոշման համաձայն՝ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։