ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Իրանում վարչակարգի փոփոխությունը լավագույն բանը կլիներ, որ կարող էր տեղի ունենալ, հայտնում է AFP-ն։
«Թվում է՝ դա կլիներ լավագույնը, ինչ կարող էր պատահել», — ասել է Թրամփը լրագրողներին Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ ռազմաբազայում, երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք նա ցանկանում է «վարչակարգի փոփոխություն» Իրանում։
«47 տարի շարունակ նրանք խոսել են, խոսել ու խոսել։ Այդ ընթացքում, մինչ նրանք խոսում էին, մենք բազում կյանքեր կորցրինք», — ասել է նա լրագրողներին։
Այն հարցին, թե ում կցանկանար տեսնել ղեկավարի դերում, Թրամփը պատասխանել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին։
«Ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Կան մարդիկ», — ասել է ԱՄՆ նախագահը։
Այնուհետև նրան հարցրել են, թե արդյոք նա կհամաձայնի որևէ այլ տարբերակի, քան զրոյական հարստացումը:
«Մենք չենք ցանկանում հարստացում»,- հավելել է նա:
Ավելի վաղ նույն օրը նա հայտարարել էր, որ ավիակիրների երկրորդ խումբը շուտով կուղևորվի Մերձավոր Արևելք, ինչը կուժեղացնի Իրանին ուղղված ռազմական սպառնալիքը՝ նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին:
«Այն կմեկնի շատ շուտով»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն տեղեկություններին, թե ԱՄՆ «Ջերալդ Ռ. Ֆորդ» (USS Gerald R. Ford) ռազմանավը Կարիբյան ավազանից կտեղափոխվի Մերձավոր Արևելք:
«Այն դեպքում, եթե մենք գործարք չկնքենք, այն մեզ պետք կգա»,- հավելել է ԱՄՆ նախագահը:



