Իրանում տարեսկզբից մահապատժի է ենթարկվել ավել...

ՄԱԿ փորձագետները տագնապ են հնչեցնում օգոստոսին Իրանում մահապատիժների թվի աճի հետ կապված, ինչի հետեւանքով մահապատիժների ընդհանուր թիվը երկրում տարեսկզբից գերազանցել է 400-ը։

Միայն օգոստոսին Իրանում մահապատժի է ենթարկվել 81 մարդ, ինչն ավելին է, քան հուլիսին տեղեկացված 45 մահապատիժները, նշել է ՄԱԿ անկախ փորձագետների 11 հոգանոց խումբն իր հայտարարությունում։

Նրանց խոսքով՝ 2024թ. սկզբից երկրում մահապատժի է ենթարկվել ավելի քան 400 մարդ, ներառյալ 15 կին։ «Մենք խորապես անհանգստացած ենք մահապատիժների թվի կտրուկ աճով»,- հայտնել են փորձագետները։

Փորձագետները նշանակվել են ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի կողմից, բայց նրանք կարող են հանդես գալ հենց ՄԱԿ-ի անունից, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Իրավապաշտպանների (ներառյալ Amnesty International-ը) խոսքով՝ տարեկան մահապատիժների թվով Իրանը զիջում է միայն Չինաստանին։

ՄԱԿ փորձագետները, ներառյալ Իրանում մարդու իրավունքների գծով իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցողները, տեղեկացրել են, որ օգոստոսին մահապատժի ենթարկվածներից 41 մարդ դատապարտվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով։

«Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով իրականացվող մահապատիժները խախտում են միջազգային չափորոշիչները»,- հայտնել են նրանք։

Փորձագետները նշել են, որ տեղեկություններ են ստացել, որ դատավարությունները, որոնք ավարտվում են մահվան դատավճիռներով, հաճախ չեն համապատասխանում պատշաճ իրավական ընթացակարգի երաշխիքներին։

Նրանք նշել են քուրդ ցուցարար Ռեզա Ռասաիի դեպքը, որը մահապատժի է ենթարկվել օգոստոսի 6-ին Իսլամական հեղափոխութան պահապանների կորպուսի անդամի սպանության համար։

Նրան ներկայացված դատավճիռը հիմնված է եղել այն խոստովանության վրա, որը, ըստ որոշ տեղեկությունների, ստացվել է կտտանքների ազդեցությամբ, չնայած նրա հետ նույն գործով մեղադրվողները հրաժարվել էին իրենց ցուցմունքներից, որոնք նրան մերկացրել են սպանության մեջ։

«Արդար դատավարության հարցում լուրջ խախտումների մասին տեղեկությունները նշանակում են, որ մահապատիժը այն ձեւով, ինչ ձեւով որ այն գործում է ներկայում Իրանի Իսլամական Հանրապետությունում, հավասարազոր է անօրինական մահապատժին»,- հայտնել են նրանք։

Փորձագետների խոսքով՝ իրենք «խիստ անհանգստացած են այն բանով, որ, գուցե, մահապատժի են ենթարկվել անմեղ մարդիկ», եւ կոչ են արել դադարեցնել մահապատիժները։