
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության ղեկավար է նշանակվել Մաջիդ Խադեմին՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհված հրամանատար Մոհամմադ Քազեմիի փոխարեն։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Խադեմիին այդ պաշտոնում նշանակել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրը։
Խադեմին նախկինում զբաղեցրել է ԻՀՊԿ տեղեկատվության պաշտպանության կազմակերպության ղեկավարի պաշտոնը և համարվում է անվտանգության բարձրաստիճան աշխատակից՝ հաստատության ներսում հետախուզության և անվտանգության ոլորտում մեծ փորձով։
Ավելի վաղ իրանական կողմը հաստատել էր, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մոհամմադ Քազեմին և նրա տեղակալ Հասան Մոհաքեքը։
Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն ութերորդ օրն է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։