
Իրանում ներքին և միջազգային թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 18-ի 02։00-ն (խմբ.՝ Երևանի ժամանակով 02:30-ը): Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության Ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանին:
«Ներքին և միջազգային չվերթերն արգելված են մինչև չորեքշաբթի օրվա ժամը 02:00-ն: Բոլոր հայրենակիցներին խնդրում ենք խուսափել երկրի օդանավակայաններ այցելելուց և չվերթերի վիճակին հետևել միայն պաշտոնական աղբյուրներից», - ասել է պաշտոնյան:
Իրանը երկրի օդային տարածքը փակել է հունիսի 13-ին Իսրայելի հարձակումից հետո։ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։