Իրանն ու ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ արդեն...

Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Iran թերթին տված հարցազրույցում։ 

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է «պատվի, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքներով բանակցություններ վարելու Թեհրանի կամքը։ Նախարարը շեշտել է, որ Թեհրանն ուղիղ բանակցությունների մեջ կմտնի ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը երաշխավորի սպառնալիքներից զերծ բանակցությունները։

«Եթե մենք բանակցություններ սկսենք (ԱՄՆ-ի հետ) այնպիսի պայմաններում, երբ մյուս կողմն առավելագույն ճնշման քաղաքականություն է պարտադրում, ապա ակնհայտ թույլ դիրքերից կմտնենք դրանց մեջ ու ոչ մի արդյունքի չենք հասնի։ Խոսքը համառության կամ իդեալիստական ​​սկզբունքների մասին չէ, այլ մասնագիտական ​​մոտեցման: Պետք է մյուս կողմին ապացուցել, որ ճնշման ռազմավարությունն անարդյունավետ է, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի հավասար պայմաններով նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է միջուկային հարցերի շուրջ հնարավոր բանակցություններին, նախարարը նշել է, որ իրենք ունեն ծրագիր և լավ մտածված ռազմավարություն։ Արաղչիի խոսքով՝ նոր գաղափար է առաջ քաշվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ առկա խնդիրները լուծելու համար։

«Բանակցություններն ընթանում են անուղղակիորեն՝ միջնորդների միջոցով, ստեղծվել են փոխգործակցության ուղիներ եվրոպական երեք երկրների հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), մենք համագործակցում ենք ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի և ԱԷՄԳ-ի հետ, և կա նոր նախաձեռնություն՝ լուծելու այն խնդիրները, որոնց շուրջ մենք մտածում ենք», - նշել է նա։

Արաղչիի այս հայտարարությունից առաջ ԱՄԷ-ի պատվիրակությունը նրան էր փոխանցել կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն՝ ուղղված Այաթոլլա Ալի Խամենեիին։

Թրամփը 2018 թ. մայիսին՝ իր առաջին նախագահության ժամանակ, միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ. հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: Իրանն իր հերթին հայտարարել է, որ ճնշման տակ չի բանակցելու: