Իրանն արդեն մի քանի շաբաթից կարող էր միջուկայ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մի քանի շաբաթից կարող էր միջուկային զենք ունենալ և ևս մեկ անգամ շեշտել է, որ դա թույլ տալ չի կարելի: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է The National Desk-ը: 

ԱՄՆ նախագահին հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը կմիջամտի Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությանը:

«Ես չեմ ցանկանում խառնվել, բայց 20 տարի, գուցեև ավելի երկար ասում եմ, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես երկար ժամանակ եմ դա ասում և կարծում եմ՝ նրանք մի քանի շաբաթից արդեն կունենային միջուկային զենք», - ասել է նա։

Թրամփը նաև ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել Իրանի հետ կնքել միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր, որը, նրա խոսքով, «այնքան մոտ էր»։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը դա դեռ հնարավոր է համարում։

«Գուցե, դա դեռ կարող է տեղի ունենալ: Նրանք ցանկանում են գալ և տեսնել մեզ։ Նրանք ցանկանում են ինձ հետ հանդիպել Սպիտակ տանը…. Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է նա՝ հավելելով, որ արդեն չափազանց ուշ է։ 

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ այժմ նպատակը ոչ թե Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումն է, այլ լիակատար հաղթանակը։

«Մենք հրադադարի չենք ձգտում։ Մենք ձգտում ենք լիարժեք, բացարձակ հաղթանակի։ Եվ դուք գիտեք՝ որն է հաղթանակը՝ ոչ մի միջուկային զենք», - ասել է նա։

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին աջակցության համար և նշել, որ Իսրայելը քայլ առ քայլ առաջ է գնում Իրանի միջուկային օբյեկտների և բալիստիկ հրթիռների ներկայացրած սպառնալիքը ոչնչացնելու ուղղությամբ։