
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Le Monde-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ՝ հիմնված արժանապատվության և փոխադարձ հարգանքի վրա։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իրանը փոխհատուցում կպահանջի պատճառված վնասի համար։ Հարցազրույցից հատվածներ է մեջբերում Mehr գործակալությունը։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ դիվանագիտական շփումները միշտ շարունակվել են. «այժմ բարեկամ երկրների կամ միջնորդների միջոցով ստեղծվում է դիվանագիտական թեժ գիծ»։
«Դիվանագիտությունը երկկողմանի փողոց է։ Հենց ԱՄՆ-ն է խզել բանակցությունները և դիմել ռազմական գործողությունների։ Հետևաբար, կարևոր է, որ ԱՄՆ-ն ընդունի իր սխալների պատասխանատվությունը և ցուցադրի վարքագծի հստակ փոփոխություն։ Մեզ անհրաժեշտ են երաշխիքներ, որ Միացյալ Նահանգները զերծ կմնա ռազմական հարձակումներից ապագա ցանկացած քննարկման ընթացքում», - հայտարարել է Արաղչին։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հարվածները վնաս են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Ըստ Իրանի արտգործնախարարի՝ երկիրն իրավունք է վերապահում պահանջել փոխհատուցում, երբ վնասի չափը գնահատվի։
«Մեր իրավունքն է պահանջել փոխհատուցում այս գործողությունների հետևանքների համար։ Այն պնդումը, որ ծրագիրը ոչնչացվել է՝ ստիպելով երկրին հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրերից, որոնք ուղղված են էներգետիկ, բժշկական, դեղագործական, գյուղատնտեսական և զարգացման կարիքները բավարարելուն, զգալիորեն սխալ հաշվարկ է», - հայտարարել է նա՝ հավելելով, որ միջուկային ծրագիրը միայն ֆիզիկական կառույցները չեն, այլև գիտելիքները։
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին՝ հայտարարելով, թե թիրախավորում է Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցնում Իսրայելին։ Իսրայելական հարվածներից մի քանի օր անց ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվեց հակամարտության մեջ՝ ռմբակոծելով Իրանի երեք միջուկային օբյեկտները։ Ի պատասխան՝ Իրանը հարվածեց Կատարում ամերիկյան ռազմակայանին։ Հունիսի 24-ին կողմերի միջև հրադադար հայտարարվեց։ Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից շուրջ 30 զոհի մասին։