Իրանից ուրանը ՌԴ տեղափոխելու առաջարկն ուժի մե...

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում, այս հարցի շուրջ շփումներ են տեղի ունեցել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ի թղթակիցը։

Պեսկովին հարցրել են, թե արդյոք միջնորդության վերաբերյալ շփումներ են նախատեսվում։

«Դուք գիտեք, որ Պուտինը վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել», - ասել է նա։

«Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բաժանվել է ճամբարների՝ տեղի ունեցողը դատապարտողների և աջակցողների։ Մենք դա ֆաստում ենք», - ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն ասել է, որ Ռուսաստանում իրանական ուրանը պահելու առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն ռազմական գործողությունների սկսվելու հետ մեկտեղ իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը բարդացել է:Ավելի վաղ ասվում էր, որ Ռուսաստանը կարող է Իրանից հարստացված ուրանն ընդունել։

«Այս առաջարկը մնում է սեղանին։ Այն մնում է արդիական։ Բայց, իհարկե, ռազմական գործողությունների սկսվելով իրավիճակը լրջորեն բարդացել է», - ասել է Պեսկովը։

Իսրայելը և Իրանը հարվածներ են փոխանակում հունիսի 13-ի գիշերվանից։ Իսրայելն առաջինն է սկսել գործողությունը՝ պայմանավորված այն տեղեկատվությամբ, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն (ինչպես հայտարարել էր Իսրայելի պաշտպանության բանակը, Թեհրանն ունի բավարար ռեսուրսներ 15 միջուկային ռումբ ստեղծելու համար)։

Թեհրանի դեմ Իսրայելի գործողության մեկնարկից մի քանի ժամ անց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Վերջինիս հետ զրույցում Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ։ Այս զրույցների ընթացքում նա դատապարտել է Իսրայելի գործողությունները և ցավակցություն հայտնել Իրանին։