Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմ...

Իրանցի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանային պաշտպանությունը` Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ադրբեջանի և Հայաստանի բախումների և միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների չպահպանման արդյունքում... Իրանի զինված ուժերը, ամրապնդելով իրենց պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանային շրջանների և այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է», - նշվում է բարձրաստիճան զինվորականի հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ նա մատնանշել է ղարաբաղյան հակամարտության գոտուց արկերի ընկնելն Իրանի տարածք` կողմերին խորհուրդ տալով «չանցնել Իրանի կարմիր գիծը» և խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Հակառակ դեպքում, նշել է բրիգադային գեներալը, Իրանը չի հանդուրժի, իսկ հակամարտության կողմերը, անկասկած, կզղջան: