Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները Սի...

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ:

Նա նշել է՝ երեք երկրների արտգործնախարարները, որպես աստանյան ձևաչափի երաշխավորներ, հոկտեմբերի 29-ին Ժնևում անցկացրել են եռակողմ հանդիպում, ինչպես նաև խորհրդակցություններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գ. Պեդերսենի հետ:

«Նախարարները հաստատել են Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրների շարունակական նվիրվածությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նշել, որ այդ սկզբունքները պետք է հարգվեն բոլորի կողմից: Շեշտվել է ահաբեկչության և Սիրիայի տարածքում անջատողականական ձգտումների դեմ պայքարի իրենց վճռականությունը:

Նրանք համոզմունք են հայտնել, որ Սահմանադրական հանձնաժողովի գործարկումը փաստում է՝ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կրկին հաստատել են իրենց հանձնառությունը՝ առաջ տանելու կենսունակ և երկարաժամկետ քաղաքական գործընթաց, որը կիրականացնեն հենց սիրիացիները՝ ՄԱԿ-ի աջակցությամբ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի:

Նրանք կարևորել են Սիրիայի ամբողջ տարածքում առանց նախապայմանների և խտրականությունների մարդասիրական օգնությունն ավելացնելու, նպաստելու փախստականների և ներքին տեղահանված անձանց անվտանգ և կամավոր վերադարձին Սիրիայի իրենց բնակության վայրեր և Սիրիական կողմերի միջև վստահություն հաստատելու գործընթացը»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ: