Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով:
Այս մասին հայտնում է IRNA–ն:
Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկու երկրները լավ հարևաններ են»,–նշել է Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղղված ուղերձում:
Նախագահին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին:
Փեզեշքիանը նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են: