Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել զարգաց...

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել զարգացնել ռազմական ու պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի հետ, հաղորդում է Tasnim-ը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Ռոհանին ընդգծել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական եւ պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով 2020թ. հոկտեմբերին Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ-ի արգելքի վերացումը:

Նա նաեւ ընդգծել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման անհրաժեշտությունը` նշելով, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի պետությունները: Ընդգծելով խաղաղությունն ու կայունությունն ապահովելու նպատակով տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու Իրանի պատրաստակամությունը՝ Իրանի նախագահը սա համարել է ռազմավարական քայլ՝ Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման եւ տարածաշրջանային գործերին միջամտելու դեմ: