Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել Է Թեհրան-Մաշհադ չվերթի ժ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիացիոն անվտանգության ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հադի Մոլլանուրին հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում հետախուզական ուժերը հաջողությամբ կանխել են Թեհրան-Մաշհադ չվերթն իրականացնող ինքնաթիռի առևանգման փորձը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Գեներալ Հադի Մոլլանուրին նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին, երբ «ֆիզիկական մեծ ուժ ունեցող» մի անձ փորձել է զինաթափել ինքնաթիռի պահնորդին և նույնիսկ ծրագրել է պատանդներ վերցնել։ Հրամանատարն ընդգծել է, որ փորձը չեզոքացվել է ԻՀՊԿ ավիացիոն անվտանգության ուժերի զգոնության և օպերատիվ գործողությունների շնորհիվ, ինչը թույլ է տվել ինքնաթիռին բարեհաջող վայրէջք կատարել Մաշհադում։

Գեներալ Մոլլանուրին հավելել է, որ վերջին ամիսների և օրերի ընթացքում ստացվել են նաև այլ սպառնալիքներ, այդ թվում՝ ռումբի պայթյունի վերաբերյալ, սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դրանցից ոչ մեկը լուրջ կամ կրիտիկական խնդիրների չի հանգեցրել։

Նա հայտարարել է, որ վերջին տարիներին ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ավիացիոն պաշտպանության ստորաբաժանման կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունները արդյունավետ զսպող միջոց են դարձել թշնամական տարրերի համար։

Հրամանատարը նշել է, որ վերջին 41 տարվա ընթացքում ավիացիոն անվտանգությունն ապահովվել է շուրջօրյա ռեժիմով և օրական միջինում իրականացվել է մոտ 500 չվերթ։

Նրա խոսքով՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում ԻՀՊԿ ավիացիոն պաշտպանության ծառայության աշխատակիցները մոտ 45 միլիոն ուղևորի են զննել Իրանի ողջ տարածքում գործող 67 օդանավակայաններում՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթների շրջանակներում։