Իրանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի...

Հայաստանի Հանրապետությունը միշտ կարողացել է բալանսավորված, փոխլրացնող, կոմպլեմենտար քաղաքականություն վարել. և Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունների նույնիսկ ամենավատ պայմաններում, Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգների ընկալումը, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումը մեզ համար ուղղակի կենսական գոյութենական ռիսկ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բարձր մաքսատուրքեր կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր են անում Իրանի հետ։

«Ակներևաբար այս իշխանությունները այդ հարցում հաջողություններ չեն արձանագրել, որովհետև եթե Հայաստանը փակի սահմանը Իրանի հետ կամ միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, մենք ունենալու ենք շատ լուրջ խնդիրներ, գոյութենական մակարդակի խնդիրներ։ Այնպես որ պետք է կարողանան թույլ չտալ, որպեսզի դրվի այդ «կամ–կամ» հարցը։

Մենք դեռ 2021 թվականի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ թող Արցախում լինեն ռուսները, իսկ Սոթք–Խոզնավար հատվածում լինեն այլ երկրի խաղաղապահ ուժեր, ասում էինք՝ Հայաստանը չես կարող դարձնել տիտանների բախման թատերաբեմ։ Այդպիսի բան որ անում ես, վաղը «կամ–կամ»–ի հարց է առաջանալու և իրենց բալանսավորված և բալանսավորվող քաղաքականությունը կարող է բերել շատ-շատ-շատ ծանր հետևանքների»,–ասաց նա։