Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական հզորության ավելացումը նշանակում է, որ Իրանի ատոմային գործունեության շուրջ դիվանագիտական համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհանը փակվելու վտանգի տակ է։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
Նա հավելել է, որ գործակալությունը Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ կոնկրետ առաջարկներ է քննարկել այն օբյեկտների տեսչական ստուգումների վերաբերյալ, որոնք անցյալ տարի ենթարկվել էին Իսրայելի և ԱՄՆ-ի ռմբակոծություններին։ Այն հարցը, թե արդյոք հնարավոր է հրատապ կարգով ավարտին հասցնել այդ ծրագրերը, մնում է բաց։
Գրոսին նաև հայտնել է, որ երեքշաբթի օրը Ժնևում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացների հետ։ Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն անցյալ տարվա հարվածների ընթացքում «ոչնչացրել է» Իրանի ատոմային մշակումները, սակայն սպառնացել է Իսլամական Հանրապետությանը հետագա ռազմական գործողություններով, եթե վերջինս չհամաձայնի նոր պայմանագրի կնքմանը։
ԱԷՄԳ-ի վերադարձը Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի վնասված օբյեկտներ «կախված է ավելի լայն համաձայնագրի հնարավորությունից», - ասել է Գրոսին։ «Մենք գիտակցում ենք, որ քաղաքական բանակցություններ են ընթանում»։
Այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած բանակցություններից հետո Իրանն ու ԱՄՆ-ն զգուշավոր լավատեսություն են հայտնել դիվանագիտական հանգուցալուծման վերաբերյալ։ Իրանը հայտարարել է, որ «ընդհանուր համաձայնություն» է ձեռք բերվել՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սահմանափակումների սկզբունքի շուրջ։ Երկու կողմերն էլ պարտավորվել են պատրաստել և փոխանակել առաջարկներ մինչև հաջորդ հանդիպումը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն շարունակում է տարածաշրջանում ռազմական ակտիվների կուտակումը, մինչդեռ Իրանը Ռուսաստանի հետ համատեղ ռազմածովային վարժանքներ է անցկացնում, որոնք ժամանակավորապես սահմանափակել են Հորմուզի նեղուցով իրականացվող որոշ մատակարարումներ՝ էներգակիրների արտահանման առանցքային կետով։
Միջուկային երկընտրանքի հիմքում ընկած է ուրանի հարստացման հարցը՝ ուրանի իզոտոպների առանձնացման խստորեն վերահսկվող գործընթացը, որոնք կարող են օգտագործվել միջուկային ռեակտորների կամ ռումբերի լիցքավորման համար։ Իսրայելն ու ԱՄՆ-ն ցանկանում են դադարեցնել հարստացման ողջ գործունեությունը և ապամոնտաժել գործարանները։ Իրանը պնդում է խաղաղ նպատակներով վառելիքի արտադրության հզորությունների մի մասի պահպանման վրա։
Իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփը հրաժարվել է այն համաձայնագրից, որը սահմանափակել է Իրանի՝ ուրանի հարստացման գործունեությունը և նախատեսել է ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումներ՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Դրանից հետո Իսլամական Հանրապետությունն ընդլայնել է իր ծրագիրը՝ կուտակելով տոննաներով հարստացված ուրան։ Ինչից հետո նրա միջուկային օբյեկտները ռմբակոծվել են՝ անցյալ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ։
«Գործարքն անհնար է, եթե ԱԷՄԳ-ն չկարողանա հաստատել դա», — ասել է Գրոսին՝ հավելելով, որ ինքը փորձում է լուծում գտնել՝ հավասարակշռելով երկու կողմերի սահմանած «կարմիր գծերի» միջև։
«Դա անհնարին չէ, — ասել է նա։ — Կան որոշակի բաներ, որոնք Իրանը հասկանում է, որ չի կարելի շարունակել»։



