Իրանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների իր գործընկերների հետ: Սեպտեմբերի 23-ին Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

Վերջինս Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու նպատակով այցելել էր Նյու Յորքում գտնվող թուրքական տուն՝ «Türkevi»: Փեզեշքիան-Էրդողան հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզության կազմակերպության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը շեշտել է, որ հավատում է, թե Թուրքիայի և Իրանի միջև առկա պատմական և մշակութային կապերը մշտապես դրական ազդեցություն են ունենալու երկկողմ հարաբերությունների վրա: