Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, բայց չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Սա իսկապես համալիր, համապարփակ համաձայնագիր է։ Այն ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսությանը և առևտրին... Համաձայնագիրը ներառում է համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սակայն չի հետապնդում ռազմական դաշինք ստեղծելու նպատակ»,- ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի եթերում։
Նրա խոսքով՝ համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և ոչ մի կերպ չի սահմանափակում Մոսկվային ու Թեհրանին այլ երկրների հետ պայմանագրեր կնքելու հարցում։ Ավելի վաղ ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ ռուս-իրանական համաձայնագիրը կնքվելու է 20 տարով։
Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մտադիր է դառնալ Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև հարաբերությունների զարգացման կարևորագույն փուլը: Երկու երկրների պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները և նոր հորիզոններ կբացի ռուս-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներում՝ ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները։
Հունվարի 14-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրվի նախագահների միջև հունվարի 17-ին կայանալիք բանակցություններից հետո։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս փաստաթղթի առաջիկա ստորագրմանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ռուս-իրանական համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։