Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև «անհապաղ համաձայնության» հասնելը հնարավոր է, եթե բանակցությունները սահմանափակվեն Իրանի կողմից միջուկային զենք չստեղծելու թեմայով։ Այս մասին Ալի Շամխանին գրել է X հարթակի իր էջում:
«Եթե բանակցությունների հիմնական հարցը լինի Իրանի կողմից միջուկային զենք չարտադրելը, ապա դա համապատասխանում է առաջնորդի ֆեթվային և Իրանի պաշտպանական դոկտրինին, և անհապաղ համաձայնության հասնելը հնարավոր է», - գրել է Շամխանին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը նաև նշել է, որ Ժնևում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ունի «բավարար աջակցություն և լիազորություն նման համաձայնագիր կնքելու համար»։
ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Իրանին երբեք չպետք է թույլ տրվի հարստացնել ուրանը և միջուկային զենք ստեղծել։ Իրանը հայտարարում է, որ երկիրը միջուկային զենք չի ստեղծի, սակայն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիան օգտագործել խաղաղ նպատակներով:
Ժնևում փետրվարի 26-ին ընթանում է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը:



