Իրանի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել կա...

Իրանի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել կառավարամետ ցույցեր՝ ընդդեմ անկարգությունների մասնակիցների գործողությունների: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Ըստ հեռուստառադիոընկերության տվյալների՝ ցույցեր են տեղի  ունեցել ավելի քան մեկ տասնյակ քաղաքներում։ Ցուցարարները վանկարկել են կառավարությանն աջակցող կարգախոսներ և «դատապարտել խռովարարների կողմից վերջերս կատարված ահաբեկչական գործողությունները»։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Իրանական կողմը ցույցեր հրահրելու մեջ է մեղադրում ԱՄՆ-ին և Իսրայելին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 12-ին հայտարարել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իրենք ունեն տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զենքեր մատակարարվում ցուցարարներին՝ նշելով, որ Իրանի իշխանություններն առաջիկայում կհրապարակեն ձերբակալվածների խոստովանությունները։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին՝ ցույցերը հրահրելու ու թեժացնելու մեջ։

Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ ցույցերի ընթացքում կան հարյուրավոր զոհեր։ Մասնավորապես, Assocated Press-ը, հղում անելով ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներին, հայտնում է 544 զոհի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ իրավապահներ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրում շուրջ երկու շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10600 մարդ։ 

Իրանում զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել։