Իրանի ԱԳՆ ղեկավար․ Ադրբեջանի տարածքից սիոնիստ...

Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում: Նախ, որոշ օտար ուժեր փորձում են ազդել այս տարածաշրջանի վրա` նրա սահմանները փոխելու կամ փակելու համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:

«Միեւնույն ժամանակ, մենք նշում ենք ահաբեկիչների առկայությունը, որոնք այնտեղ հայտնվել են անցած տարի Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Մենք դա ասում ենք՝ առանց կասկածի տակ դնելու մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ադրբեջանական կողմն Իրանի հետ բանակցություններում խոստացել է մաքրել տարածաշրջանն ահաբեկիչներից: Աբդոլլահիյանը խոսել է Ադրբեջանի տարածքից սիոնիստական ​​ռեժիմի տեղաշարժի մասին․ «Մենք դա անընդունելի ենք համարում: Այս ամենը մենք պետք է կարգավորենք բարեկամության եւ բարիդրացիության հիման վրա: Ադրբեջանի հետ մեզ կապում է մշակութային եւ պատմական հարաբերությունների հսկայական շերտը, եւ չպետք է թույլ տալ որ ԶԼՄ-ների հրապարակումները ստվեր գցեն այդ հարաբերությունների վրա»,-ասել է նա։

Անդրադառնալով «3+3» համագործակցության ձեւաչափին՝ Իրանի արտգործնախարարը հիշեցրել, որ կան փոխգործակցության տարբեր ձեւաչափեր, վերը նշվածը հայտնվել է ղարաբաղյան հակամարտության սկզբում, կա նաեւ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան հարթակ: «Դրանք բոլորը ծառայում են երկխոսության: Մենք կարծում ենք, որ նոր չափազանց մեծ պահանջները միայն բարդացնում են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-հավելել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների լարվածությանը՝ Աբդոլլահիյանը համոզմունք է հայտնել, որ կողմերը պետք է ջանքեր գործադրեն իրավիճակը թուլացնելու համար: «Մենք որոշ կոշտ հայտարարություններ համարում ենք ոչ կառուցողական, եւ կարծում ենք, որ եթե իրավիճակին խելամիտ մոտենանք, ապա մեզ կհաջողվի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ խնդիրները լուծելու ուղիներ մշակել միջազգային իրավունքի հիման վրա։ Կարեւորը օտարերկրյա ուժերի չմիջամտությունը, տարածաշրջանում  Իսրայելի եւ ահաբեկիչների բացակայությունն է»,-ամփոփել է նա։