Թեհրանը միշտ կողմ է եղել երկխոսությանը Ռիադի հետ, երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի հետ երկրի բանակցությունների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք այդ հաղորդումները տեսել ենք լրատվամիջոցներում: Կարեւոր է այն, որ Իրանը միշտ ողջունել է երկխոսությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ՝ համարելով, որ դա բխում է երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաեւ Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության շահերից: Այս մոտեցումը կշարունակվի»,- ասել է Խաթիբզադեն նախարարության Telegram ալիքում հրապարակված ճեպազրույցի ընթացքում:
Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով աղբյուրները, հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ուղիղ բանակցություններ են վարում հինգ տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Ըստ թերթի՝ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 9-ին Բաղդադում, Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմիի միջնորդությամբ, «առաջին նշանակալից քաղաքական քննարկումներն էին» երկու երկրների միջեւ 2016 թվականից ի վեր:
Սաուդյան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ 2016-ի հունվարին՝Թեհրանում եւ Մաշհադում իր դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներից հետո, որոնք հրահրվել էին Սաուդյան Արաբիայում հայտնի շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով: Արաբական սուննի աշխարհի առաջնորդներից մեկի՝ Ռիադի հետ համերաշխությունից ելնելով՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցրել էին Բահրեյնը, Սուդանը եւ Ջիբութին:



