
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ժխտել է Եվրամիության Նախարարների խորհրդի նիստում առաջադրված մեղադրանքներն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ ԵՄ նոր պատժամիջոցները մի շարք իրանցի անձանց նկատմամբ որակելով անօրինական, ապակառուցողական և անհիմն։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Բաղային անհեթեթ և չհիմնավորված է անվանել պնդումները Իրանի կողմից Եվրոպայում ահաբեկչական գործունեությանն օժանդակման մասին։
Նա Եվրոպայի որոշ կառավարությունների համառությունն Իրանի հասցեին շինծու մեղադրանքների առաջադրման հարցում բնորոշել է որպես բացահայտ պրոյեկցիա՝ ուղղված շեղելու միջազգային և ներքին հասարակայնության ուշադրությունն այդ պետությունների կողմից ահաբեկչությանը համակարգային աջակցությունից, ինչպես նաև Գազայում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իսրայելի հանցագործություններից:
Հունիսի 15-ին ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ էր սահմանել 8 ֆիզիկական և 1 իրավաբանական անձանց նկատմամբ Իրանի տարածքից դուրս, սակայն Իրանի պետական մարմինների անունից մարդու իրավունքների խախտումների համար։