Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կեղծ է անվանել The New York Times (NYT) թերթի տեղեկությունն այն մասին, որ Իլոն Մասկը համոզել է Թեհրանին հայրենիք թողնել իտալացի լրագրող Չեչիլիա Սալային, որին ձերբակալել էին իսլամական հանրապետությունում 2024թ. դեկտեմբերին։ Ինչպես նշվել է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում՝ Բաղային «հերքել է ամերիկյան թերթի հրապարակումն այն մասին, թե Իլոն Մասկը կապվել է Նյու Յորքում [ՄԱԿ Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանիի] հետ եւ դեր է ունեցել իտալացի լրագրողի ազատ արձակման գործում՝ դա անվանելով լրատվամիջոցի հորինվածք»: Այս մասին հունվարի 15-ին հայտնել է NYT-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Սալան, որն Իրանում աշխատում էր լրագրողական վիզայով, ձերբակալվել էր 2024թ. դեկտեմբերի 19-ին՝ «իսլամական հանրապետության օրենքները խախտելու համար»։ Դեպքի մանրամասները չեն բացահայտվել, իսկ իշխանություններն ու իտալուհու հարազատները մամուլին խնդրել են պահպանել առավելագույն գաղտնիություն, քանի դեռ աշխատանքն իրականացվում է դիվանագիտական ուղիներով: Իտալական լրատվամիջոցները նշել են, որ լրագրողը ձերբակալվել է Միլանի Մալպենսա օդանավակայանում Միացյալ Նահանգների պահանջով իրանցի ինժեներ Մոհամադ Աբեդինիի ձերբակալությունից մի քանի օր անց։ Թեհրանը, սակայն, վստահեցրել է, որ «շանտաժի» եւ «փոխանակման փորձի» ակնարկ չկա, ինչպես ենթադրում էր իտալական մամուլը։ Հունվարի 8-ին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Չեչիլիա Սալան Թեհրանից մեկնել է հայրենիք։