Իրանցի զինվորականները ժամանել են Ռուսաստան՝ ք...

Իրանական ռազմական պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիյումարս Հեյդարիի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Գործակալության տվյալներով՝ երկկողմ բանակցությունների պաշտոնական մասը տեղի է ունեցել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարությունում, որտեղ քննարկվել են ռազմական համագործակցության և փոխգործակցության հարցեր՝ երկու երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացման վերաբերյալ։

«Իրանը Ռուսաստանի Դաշնության կողմից համարվում է Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը, այն Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և մշտական ​​ինտենսիվ քաղաքական երկխոսությունը մեր գործընկերության ներկա փուլի բնորոշ հատկանիշն է», - ասել է Ռուսաստանի ցամաքային զորքերի պետ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ 

Նշվում է, որ Սալյուկովն ու Հեյդարին պայմանավորվել են մեծացնել համագործակցությունը։

Մոսկվա կատարած այցի ընթացքում Իրանի պատվիրակությունը կայցելի ցամաքային զորքերի զորավարժարաններ և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ։