Իրանական հեռահար հետախուզական անօդաչու թռչող սարքերը դադարեցրել են Արաբական ծովի երկնքում թռիչքներն ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի հետ կապված միջադեպից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին վկայում են Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։
Վերջին երկու օրվա ընթացքում իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչ մի թռիչք չի գրանցվել ավիակրի գտնվելու շրջանում։ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն, ըստ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության, ներկայում նավարկում է Իսլամական Հանրապետության ափերից 500 մղոն (800 կմ) հեռավորության վրա։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտնել էին, որ փետրվարի 3-ին F-35C Lightning II տախտակամածային կործանիչը խոցել է իրանական անօդաչու թռչող սարք, որն Արաբական ծովում մոտեցել էր ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։
CENTCOM-ի հրամանատարությունը նախազգուշացրել է իրանական ուժերին, որ չի հանդուրժի վտանգավոր մանևրներ, այդ թվում՝ թռիչքներ ամերիկյան ռազմանավերի վերևում կամ դրանց մոտեցում արագընթաց կատերներին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը և MQ-4C Triton ռադիոէլեկտրոնային հետախուզական հեռահար անօդաչու սարքը փետրվարի 5-ին մի քանի ժամ շարունակ թռիչքներ են իրականացրել Իրանից դեպի հարավ-արևելք ընկած շրջանում:



