Իրականում Firebird ը Ռոբերտ Քոչարյանն է բերել...

Հայաստանում ձևավորվում է կառավարման տոտալիտար համակարգ․ ներքաղաքական գործընթացներին նվիրված քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել փաստաբան Արամ Օրբելյանը։

«Շատերին թվում է, թե նման բան չկա, քանի որ ով ինչ ուզում՝ խոսում է: Սկսել են համեմատել ԽՍՀՄ-ի հետ։ Իրոք, անեկդոտների համար դեռ չեն ձերբակալում, բայց ֆեյսբուքյան գրառումների պատճառով ձերբակալությունների բազմաթիվ դեպքեր կան։ Գործում է պետական կառավարման մի համակարգ, որտեղ մեծամասնություն կազմող ուժի գաղափարախոսությունը՝ «Իրական Հայաստանը», պարտադրաբար մտցվում է դպրոցներ։ Իրականում բոլորս էլ կողմ ենք իրական Հայաստանին, պարզապես այն այլ կերպ ենք պատկերացնում, իսկ նրանք կարծում են, թե պետք է ամեն ինչ զիջել։ Վարչապետի պաշտոնն ընկալում են որպես երկրի բացարձակ ղեկավարի կարգավիճակ։ Սակայն մեր երկրի գլուխը նախագահն է, ոչ թե վարչապետը։ Սա մոտավորապես նույնն է, որ Մեծ Բրիտանիայում ասեն, թե երկրի ղեկավարը վարչապետն է։ Առաջին տիկինն էլ նախագահի կինն է, այլ ոչ թե վարչապետի»,- հիշեցրել է Օրբելյանը։ Նա հավելել է, որ ըստ օրենքի՝ վարչապետի դերն ավելի ցածր է, քան մի շարք գերատեսչությունների ղեկավարներինը․ վարչապետի լեգիտիմության համար պահանջվում է ձայների 50+1 տոկոսը, իսկ գլխավոր դատախազի կամ դատավորների դեպքում՝ 60 տոկոսը։ Նշանակում է՝ վարչապետն ընդամենը պետական մարմիններից մեկի ղեկավարն է և հաշվետու է խորհրդարանին։ Սակայն օրենսդրության մեկնաբանությունը հաճախ բավականին յուրովի է լինում։

Ինչպես նշել է փաստաբանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էլ տեղավորվում է նույն տրամաբանության մեջ՝ եթե ինչ-որ մեկը մի բան է արել, ապա մեղավորը նախագահն է։ Բայց Սահմանադրությունը երբեք այդպես չի մեկնաբանվել և չի էլ կարող մեկնաբանվել, նկատել է իրավաբանը։ Նա վերստին շեշտել է, որ Քոչարյանին մեղսագրվում է մի բան, որը նա Սահմանադրությամբ պարտավոր էր անել՝ վավերացնել կառավարության որոշումները։ Եթե նա հրաժարվեր դրանք ստորագրելուց, ապա արդեն խոսք կգնար կառավարության աշխատանքներին խոչընդոտելու և միջամտելու մասին։

Փաստաբանը պարզաբանել է, որ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ժամանակին առնչություն է ունեցել կառավարության որոշումներով անցնող գույքի մի մասի հետ, ընդ որում՝ բոլոր փաստաթղթերն օրինական են։ «Ասում են, թե դրանք ձևական բնույթ են կրել։ Այդ տրամաբանությամբ կարելի է բոլորին էլ պատասխանատվության ենթարկել։ Առկա են ակնհայտ իրավական խնդիրներ, և գործն ի սկզբանե գոյություն ունենալու իրավունք չուներ՝ անկախ նրանից, թե ով ինչ է մտածում։ Քրեական գործը չի կարող կառուցվել ենթադրությունների և տպավորությունների վրա։ Երբ հերթը հասնում է խափանման միջոցի ընտրությանը, պետք է լինեն հստակ հիմքեր և ապացույցներ, ոչ թե սոսկ կարծիքներ։ Սա Սահմանադրության դրույթների հերթական սխալ ընկալման և կամայական մեկնաբանության դրսևորում է։ Նույնը վերաբերում է նաև «Մարտի 1»-ի գործին»,- ընդգծել է Օրբելյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվող գործընթացը ձևականորեն ֆորմալ է, իսկ բովանդակությամբ՝ քվազիիրավական։ «Սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է»,- հայտարարել է Օրբելյանը։ Նա հավելել է, որ կալանքը սահմանափակում է Ռոբերտ Քոչարյանի՝ որպես «Հայաստան» դաշինքի ղեկավարի շփումները. «Հիմա ՏԻՄ ընտրություններ են ընթանում, իսկ նա զրկված է իր թիմի հետ քաղաքական գործընթացները քննարկելու հնարավորությունից, չի կարողանում նաև անդրադառնալ երկրի ներքաղաքական հարցերին։ Սա ուղղակի միջամտություն է նրա քաղաքական գործունեությանը»։