COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, մայիսի 16-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 19 249 պատվաստում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Պատվաստումային խմբեր գործում են ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, այնպես էլ շարժական կետերում, որոնք գտվնում են հանրային վայրերում՝ Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաև «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի ժամը 10։00-16։00-ն սահմանվել են հերթապահություններ: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար»,- նշում են ՀՀ ԱՆ-ից և հավելում, որ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: