Մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից «հայրենիքի մասին» իր ելույթում Նարեկ Կարապետյանն անում է հետևյալ պնդումը։ «Գոյություն ունի երկու մոտեցում․ մաքսիմալիստական մոտեցումը, որը կուսակցությունների հիմնադրումից ի վեր գոյություն ունի, և ՔՊ-ի կողմից առաջ քաշվող «իրական Հայաստանի» մոտեցումը։ Մաքսիմալիստական մոտեցումը պատմական հայրենիքը համարում է նպատակ, իսկ «Իրական Հայաստանն», իր հերթին՝ ասում է եկեք սահմանափակվենք և պարփակվենք այս՝ իրական Հայաստանով ․․․»։
Հարց է առաջանում՝ որքանով է ճշմարիտ Նարեկ Կարապետյանի պնդումը։ Նարեկ Կարապետյանը ճիշտ է, որ գոյություն ունեն երկու հիմնական մոտեցում, սակայն սխալվում է՝ ներկայացնելով «իրական Հայաստանը» որպես մաքսիմալիստական մոտեցման հակադիր մոտեցում։ Մաքսիմալիստականին հակադիր մոտեցումը կարելի է պայմանականորեն կոչել «պրագմատիկ» մոտեցում։ Մաքսիմալիստական և պրագմատիկ մոտեցումների բանավեճը հայ քաղաքական դաշտում միշտ էլ գոյություն է ունեցել։ Առաջին հանրապետության տարիներին, այն առկա էր դաշնակցականների և բոլշևիկների միջև, իսկ արդեն անկախության շրջանում՝ ՀՀՇ-ի և Դաշնակցության միջև։ Այս բանավեճը հատկապես սրվեց Հայաստանի անկախության հռչակագրի տեքստի մշակման ժամանակ և հետագայում ևս շարունակվեց։
Մաքսիմալիստական մոտեցումը եղել է և կմնա որոշ կուսակցությունների, քաղաքական գործիչների և խմբերի կողմից ընդունելի տարբերակ։ Սակայն, ինչը, ի դեպ, Նարեկ Կարապետյանը չշեշտեց, մաքսիմալիստական մոտեցումը երբեք՝ մինչև 2018թ․, Հայաստանի Հանրապետության որևէ իշխանության կողմից չի որդեգրվել որպես պետական քաղաքականության հիմք։ ՀՀ առաջին երեք ղեկավարների կառավարման տարիներին պրագմատիկ մոտեցումն է եղել վարվող քաղաքականության հիմքում։ Այստեղ, արդարության համար, պետք է նշել, որ երեք ղեկավարների պրագմատիկ քաղաքականությունները միմյանցից տարբերվել են։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի պրագմատիկ մոտեցումն ավելի մոտ է եղել մաքսիմալիստականին, մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ ավելի հեռու։ Սակայն կարևոր է շեշտել, որ նրանցից ոչ մեկի կառավարման տարիներին Հայաստանը դուրս չի եկել պրագմատիկ մոտեցման շրջանակներից։ Երեք ղեկավարների օրոք Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել իր հարևանների նկատմամբ։ Նույնիսկ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նրանք այն չեն դիտարկել որպես տարածքային կամ պատմական հայրենիքի հարց, այլ մոտեցել են դրան՝ անվտանգային խնդրի լուծման պրիզմայով։
Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ մաքսիմալիստական մոտեցում որդեգրվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին երկու տարիներին։ Դրա դրսևորումներից էին Սևրի պայմանագրի և հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Օրինակ՝ 2020 թվականի օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սևրի պայմանագիրը մինչ օրս գտնվում է ՀՀ ուշադրության կենտրոնում, և որ մեր պարտքն է պահպանել պայմանագրի խորհուրդը։ Նույն ժամանակահատվածում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը հայտարարեց․ «…Սևրի պայմանագիրը երբևէ չեղյալ չի համարվել… այն խաղաղության պայմանագիր է, որը կարող է լուծել հայկական հարցը»։ Ավելին՝ մաքսիմալիստական մոտեցման մեկ այլ դրսևորում էր հայտնի «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը։
Այսպիսով՝ մենք տեսանք, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՀՀ-ն որդեգրել է «պրագմատիկ» մոտեցում, և հենց Նիկոլ Փաշինյանն է իրականում մաքսիմալիստական մոտեցման կրողը։ Այստեղ բնական հարց է առաջանում․ ի՞նչ է «իրական Հայաստանի» մոտեցումը, որը Նարեկ Կարապետյանը ներկայացրեց որպես մաքսիմալիստական մոտեցման հակադիր տարբերակ, ըստ էության՝ որպես պրագմատիկ տարբերակ։
«Իրական Հայաստանի» մոտեցումը պրագմատիզմ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից հորինված քաղաքական ավանտյուրա, որն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական նպատակներ։ Ներքաղաքական առումով այս գաղափարախոսությունը պետք է արդարացնի Արցախի կորուստը և մյուս աղետները՝ դրանց պատասխանատվությունը տեղափոխելով ուրիշների վրա։ Սրա տրամաբանությամբ՝ մենք ապրել ենք «պատմական Հայաստանի» երազանքով, չենք գնահատել «իրական Հայաստանը», իսկ Ղարաբաղյան շարժումն այդ սխալ մտածողության դրսևորումն էր։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չէի, որ կործանեցի Արցախը։ Արցախը կործանվեց, որովհետև մենք իրականը թողած պատմական երազի հետևից էինք ընկել։ Իսկ բոլոր ժամանակների զոհերն անիմաստ են եղել ոչ թե իմ մեղավորությամբ, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի և մյուսների մեղավորությամբ, որոնք Ղարաբաղյան շարժում կոչված «ավանտյուրան» փաթաթեցին մեր վզին։
Արտաքին քաղաքականության տեսանկյունից «պրագմատիզմի» անվան տակ այս մոտեցումը նաև գաղափարական հիմք է ստեղծում տարածքային և քաղաքական զիջումների համար։ Եթե Կիրանցը, Տիգրանաշենը կամ Արցախը «Իրական Հայաստանի» սահմաններում չեն, ապա դրանց համար պայքարը ներկայացվում է ոչ թե որպես ազգային կամ անվտանգային շահի պաշտպանություն, այլ որպես անցյալի սխալ մտածողության շարունակություն։
Ի՞նչն է Նարեկ Կարապետյանի խոսքում վտանգավոր։ Նարեկ Կարապետյանը, լինելով ընդդիմության առաջին դեմքը, ըստ էության, ընդունում է, որ «իրական Հայաստանը», մաքսիմալիստականին հակադիր՝ պրագմատիկ մոտեցումն է։ Ընդունել, որ «իրական Հայաստանը» ավանտյուրա չէ, սխալների արդարացման և հետագա զիջումների համար միջոց չէ, այլ մաքսիմալիստականին հակադիր մոտեցումն է, նշանակում է օգնել Նիկոլ Փաշինյանին «լվանալ» իր ձեռքերը Արցախի կորստի և հետագա զիջումների համար։ «Իրական Հայաստան» կոչվող կեղծ գաղափարախոսության էությունը պետք է բացահայտվի և խորապես քննադատվի, իսկ դրա տարածման դեմ պետք է համակարգված պայքար մղվի։ Հակառակ դեպքում այն կդառնա Հայաստանի կործանման գաղափարական հիմքը։
քաղաքագետ, մագիստրոս
Հակոբ Ղազարյան



