Իր հավատարմությունը ապացուցելու համար Էդուարդ...

Մարտի 19–ին լրանում է ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման 6–ամսյա ժամկետը։ Մինչ վերջնաժամկետի ավարտը պաշտոնյաները պետք է նշանակված լինեն։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ արդեն որոշել է, թե ում է նշանակելու, բայց անուններ չի հրապարակել։

Այս ամիսներին եղան բազում հրապարակումներ այն մասին, որ վարչապետ Փաշինյանը լիարժեք չի վստահում ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։

Էդուրդ Մարտիրոսյանը և Արման Սարգսյանն անում են ամեն բան, որպեսզի արժանանան վարչապետի հավանությանը։ Մամուլում հենց Փաշինյանի վստահությանը արժանանալու հանգամանքով են բացատրում ոստիկանության երեկվա ոչ իրավաչափ գործողությունը Արամ Վարդանյանի և նրա հարազատների տներում։ 

Ի տարբերություն ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի ժամանակվոր պաշտոնակատարը նշանակման հենց առաջին օրից է քայլեր ձեռնարկել, որպեսզի արժանանա վարչապետի վստահությանը։ Ըստ մեր տեղեկությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց օրեր անց Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Փաշինյանին առաջարկել է ձերբակալել Արթուր Վանեցյանին։ Մարտիրոսյանն այս կերպ փորձել է ցրել այն խոսակցությունները, ըստ որոնց ինքը Վանեցյանի ընկերն է ու կաշկանդվածություն ունի նրանից։ Ըստ ամենայնի ձերբակալմանը դեմ է եղել Փաշինյանը, բայց գնահատել է Մարտիրոսյանի նվիրվածությունը։

Փաշինյանին նվիրվածությունը ապացուցելու համար ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը այնքան հեռուն է գնացել, որ Ազգային Ժողովում հայտարարում է իր ղեկավարած կառույցում առկա դավաճանների մասին․ «Մենք ինքնամաքրմամբ ենք զբաղվում: ԱԱԾ-ն մաքրվելու է այն մարդկանցից, ովքեր դավաճան են, հայրենասեր չեն եւ արատավորում են սպայի պատիվը»: