ԻՊԲ-ն հայտնել է իրանական 1100 թիրախ խոցելու մ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ից հարյուրավոր հարվածների արդյունքում խոցել են Իրանի ավելի քան 1100 օբյեկտ, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Մենք համակարգված գործում ենք միջուկային սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ», - ասել է նա՝ հավելելով, որ հարվածները «խորացնում են զգալի վնասը», որը հասցվել է Իրանի բալիստիկ հրթիռներին և հակաօդային պաշտպանությանը։

Զինվորականները հրապարակել են կադրեր՝ նշելով, որ դրանցում երևում են Իրանի ողջ տարածքում հրթիռային կայանքների և այլ օբյեկտների հասցված հարվածները:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ռազմաօդային ուժերի 50-ից ավելի կործանիչներ հարվածներ են հասցրել Իրանում թիրախներին, որոնց թվում եղել են հրթիռների համար բաղադրիչներ և ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող օբյեկտներ։