Ինձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին Ա...

Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումը՝ այցելել Մասկատ, չնայած տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակին, այցը որակելով որպես պատմական։

Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և հատկապես ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցն արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը՝ զարգացնելու բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։      

Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման և առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին կայացված որոշման, ինչպես նաև մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը։ 

Հանդիպմանը նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված՝ Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։  

Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։

Ընդգծելով խաղաղության կարևորությունը՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում. «Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով»։