Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք և այլն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2023թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»,- ասաց Սուքիասյանը։
Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի նախարարն ասաց․ «Շատ շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա: Այն, որ Հայաստանը այսօր ունի 14․1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ-ի հետ 70-ից ավելի տոկոսով է աճել, դրանք թվեր չե՞ն: Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ: Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարության դերը այդ 14.1 տոկոս աճի մեջ, շատ մեծ: Ես կարող եմ ձեզ նկարներ ցույց տալ` որտեղ ինչեր է սարքվում, որոնք հենց նախարարության նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։



