Ինձ, բնականաբար, գրությամբ տեղեկատվությունը փոխանցվել է, քանի որ բոլոր պետական մարմինները պարտավոր են պարզաբանումներ ներկայացնել ՄԻՊ-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ոստիկանությունն օրենքի խախտումով է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների նկատմամբ կիրառել «Զարյա-3» հատուկ միջոցը:
Ըստ ՄԻՊ-ի՝ այս հարցն իր հանրային վերահսկողության տեսանկյունից կարևոր է, որ հասանելի դառնա հանրությանը․
«Հիմնական խնդիրը նախաքննական գաղտնիքն է։ Ես դարձյալ պնդել եմ իմ տեսակետը, որ այս հարցը պետք է հասանելի դառնա թե՛ հանրությանը, թե՛ լրագրողներին: Ասեմ՝ բացահայտումներ կան, բայց ես իմ գործիքակազմով չեմ կարող հանրայնացնել: Ես ինձ թույլ չեմ տա նախաքննական գաղտնիքի խախտողը դառնալ, թեպետ բացահայտումները ստացել եմ»,- ասաց նա:
Իսկ թե ինչու՞ ոստիկաններից ոչ ոք չի անցնում քրեական վարույթով, Մանասյանն ասաց, որ այդ հարցն էլ է բարձրացնում գործընկեր պետական մարմինների մոտ՝ պահանջելով, որ հասարակության բոլոր սուբյեկտները՝ լինեն դրանք պետական մարմիների ներկայացուցիչներ, թե քաղաքացիներ, պատասխանատվություն կրեն իրենց ոչ իրավաչափ գործողությունների համար․
«Ինձ համար կարևոր է և շատ դեպքերում հարցական, թե ինչու՞, օրինակ, տարբեր դեպքերով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական հետապնդումներ: Կարևոր եմ համարում, որ բոլոր գործերի քննության ավարտին մենք ունենանք պատասխանատվության ենթարկված համապատասխան անձինք, եթե չունենանք, կօգտագործենք մեր գործիքակազմն՝ այդ առումով պատասխան ստանալու համար»,- ասաց Մանասյանը և մեկ անգամ ևս շեշտեց, որ իր համար էլ է մնում հարց, թե ինչու՞ են, օրինակ, քաղաքացիներն անցնում տարբեր վարույթներով, իսկ իրավասու մարմնի ներկայացուցիչները՝ ոչ: