Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում ջրհ...

Փրկարարական խմբերը երեքշաբթի օրը շտապել են հասնել փրկվածներին և հանել նոր մարմիններ, քանի որ վերջին շաբաթների ընթացքում Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, իսկ գրեթե 900 մարդ համարվում է անհայտ կորած, հաղորդում է Associated Press-ը։

Մի քանի օր շարունակ տեղացող հորդառատ մուսսոնային անձրևները հեղեղել են հսկայական տարածքներ՝ հազարավոր մարդկանց թողնելով անտուն, իսկ շատերը կառչած են մնացել տանիքներից ու ծառերից՝ սպասելով օգնության։

Ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 1338 մարդ՝ 744-ը Ինդոնեզիայում, 410-ը՝ Շրի Լանկայում, 181-ը՝ Թաիլանդում և երեքը՝ Մալայզիայում, երեքշաբթի օրը հայտնել են իշխանությունները։

Շրի Լանկայի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն ասել է, որ դեռ վաղ է իր երկրում զոհերի ճշգրիտ թիվը որոշելու համար։ Ինդոնեզիայում, որը ամենաշատը տուժած երկիրն է, փրկարարները դժվարությամբ են հասնում Սումատրա կղզու գյուղեր, որտեղ ճանապարհները ողողված են, իսկ կամուրջները՝ ավերված։

Աղետների դեմ պայքարի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ առնվազն 551 մարդ համարվում է անհայտ կորած։ Գործի են դրվել ուղղաթիռներ և մոտորանավակներ, սակայն պաշտոնյաները զգուշացնում են, որ եղանակային պայմանների վատթարացումը և ենթակառուցվածքների վնասումը դանդաղեցնում են գործողությունները։

Իշխանությունների տվյալներով՝ առնվազն երեք մարդ է զոհվել Մալայզիայում այն բանից հետո, երբ ջրհեղեղները ջրի տակ են թողել Պերլիս նահանգի հյուսիսային շրջանները։ Մոտ 6000 մարդ ապաստան է խնդրել արտակարգ օգնության կենտրոններում։

Հարավային Թաիլանդում սկսվել են փողոցների և շենքերի մաքրման աշխատանքները, այն բանից հետո, երբ լայնածավալ ջրհեղեղներից տուժել են ավելի քան 1,5 միլիոն տնային տնտեսություններ և 3,9 միլիոն մարդ։ Իշխանություններն աշխատում են ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ներառյալ ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը։ Թաիլանդի Ներքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ կստեղծի հանրային խոհանոցներ՝ տուժած բնակիչներին թարմ պատրաստված սնունդով ապահովելու համար։

Կառավարության խոսնակ Սիրիպոնգ Անգկասակուլկիատը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 239 միլիոն բատ (7.4 միլիոն դոլար) արժողությամբ փոխհատուցման առաջին խմբաքանակը կբաշխվի 26,000 մարդու միջև։