Մոտ 40,000 մարդ մնացել է անօթևան, գրեթե 12,000 տուն վնասվել է Ինդոնեզիայի Արևելյան Նուսա Տենգարա նահանգում օգոստոսի 15-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այդ մասին հայտնել է Jakarta Globe պարբերականը՝ հղում անելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորվել է 1,182 մարդ։ Տուժած շրջաններում վնասվել է 11,925 տուն, 663 ուսումնական հաստատություն, 184 կառավարական շենք, 182 բժշկական հաստատություն, 173 կրոնական օբյեկտ, տասնյակ այլ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ճանապարհներ և կամուրջներ։
Ինչպես նշվում է, փրկարարական ծառայությունները շարունակում են անհետ կորածների որոնումները։ Տուժած շրջաններում էլեկտրամատակարարումն այժմ գրեթե ամբողջությամբ վերականգնված է։
Antara լրատվական գործակալությունը՝ հղում անելով ասիական հանրապետության նախարարների կաբինետի քարտուղար Տեդդի Ինդրա Վիջայային, հայտնել է, որ երկրի իշխանությունները ընդհանուր առմամբ 253 տոննա օգնություն են ուղարկել Արևելյան Նուսա Տենգարա նահանգի երկրաշարժից տուժած բնակիչներին։ Տարածաշրջան են հասցվել սննդամթերք, պատրաստի ուտելիք, ջուր, դեղորայք և բժշկական սարքավորումներ, վրաններ և տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության այլ առարկաներ։



