Ինդոնեզիան կլինի առաջին երկիրը, որը Գազայի հատվածում կմասնակցի Միջազգային կայունացման ուժերին և խաղաղապահ առաքելություն կիրականացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարված հրադադարի երկրորդ փուլի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը։
Հրապարակման համաձայն՝ ինդոնեզական զորքերը կարող են Գազայում լինել մի քանի շաբաթվա ընթացքում՝ Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի Վաշինգտոն այցից կարճ ժամանակ անց։ Ինդոնեզիայի նախագահը ԱՄՆ կմեկնի փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղություն դեպի բարգավաճում» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Նախատեսվում է զորքերը տեղակայել Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների մոտակայքում։ Տեղեկությունների համաձայն՝ զորքերին ընդունելու նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և նրանց համար բնակարանների կառուցումը կտևի մի քանի շաբաթ։
Ինդոնեզական զորախմբի ճշգրիտ չափը դեռևս չի հայտարարվել, սակայն ակնկալվում է, որ այն կարող է կազմել մի քանի հազար զինվոր։
Նախորդ ամիսներին Ինդոնեզիան հիշատակվում էր որպես Միջազգային կայունացման ուժերի հնարավոր մասնակից երկիր՝ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Իտալիայի, Ադրբեջանի, Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլ երկրների հետ միասին, սակայն մինչ օրս ոչ մի երկիր ընդհանուր խոստումներից չի անցել զորքեր ուղարկելու կոնկրետ պատրաստակամության։
2025 թ. հոկտեմբերին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ համաձայնեցին իրականացնել Գազայում խաղաղության ծրագրի առաջին փուլը, որից հետո անկլավում ուժի մեջ մտավ հրադադար։ Ըստ համաձայնագրի՝ իսրայելական ուժերը նահանջեցին, այսպես կոչված, «Դեղին գիծ»՝ պահպանելով անկլավի տարածքի ավելի քան 50%-ի վերահսկողությունը։ ՀԱՄԱՍ-ն ազատ արձակեց 20 իսրայելցի պատանդների և հանձնեց 28 պատանդներից գրեթե բոլորի մասունքները։ Հունվարի 26-ին իսրայելական ուժերը Գազայի հատվածից վերադարձրին պատանդների ցուցակում գտնվող վերջին իսրայելցու մասունքները։



