Եթե դուք կուկուռուզ ու պերաշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին 2 օրերին մեր քթի տակ պատերազմ է, իսկ հայ հանրությունը միայն տեսնում է, որ վարչապետը կուկուռուզ ու պերաշկի է ուտում։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում վերջին երկու օրերի ՔՊ–ի քարոզարշավը, արդյոք նկատում է, որ հանրային աջակցության վարկանիշի նվազում կա, ինչպես պնդում են ընդդիմադիրները, Գալյանը պատասխանեց. «Նախ ներկուսակցական կամ ներքին քարոզարշավի մասին է խոսքը և ոչ թե նախընտրական քարոզարշավի, բայց լավ առիթ է նաև քաղաքացիների հետ շփվելու։ Ինձ մոտ այդ շփումներից և ձեզ հետ շփումներից դիսոնանս է առաջանում, որովհետև ձեր հարցերը լսելով ես ինչ–որ ապոկալիպտիկ տրամադրություններ եմ սկսում ունենալ՝ մտածելով, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է։ Բայց ամեն ինչ վատ չէ այն դեպքում, երբ մենք շփվում ենք հանրության ներկայացուցիչների հետ։
Այդ շփումները բավականին տրամադրող են և իրականում պատասխանատվության ավելի մեծ դաշտ ձևավորող, որովհետև այն խնդիրները, որ քննարկվում են, միանշանակ մեզ մղում են ավելի ջանասիրաբար աշխատելու»։
Ինչ վերաբերում է նրան, որ սա հանրության հետ շփում է, ոչ թե ներկուսակցական շրջանակների, Գալյանն արձագանքեց. «Նախ, յուրաքանչյուր առիթ քաղաքացիների հետ շփվելու լավ է, և դա անում են բոլորը, այսինքն քաղաքականությամբ զբաղվող բոլոր անձինք և նաև պաշտոն զբաղեցնող անձինք։ Մենք ունենք հստակ օրենսդրական արգելքներ, որոնք խախտել չի կարելի, դրանցից մեկը բարեգործության արգելքն է, և ես օգտվելով առիթից կոչ կանեմ բոլորին առանց բացառության զերծ մնալ բարեգործության արգելքի խախտման իրավիճակներից, այսինքն չտալ այնպիսի խոստումներ, որոնք կարող են որակվել որպես բարեգործության արգելքի խախտում»։



