«Ինչու՞ եք մեր նամակներն ԱԱԾ–ին հասցեագրում»․...

Արցախում հուղարկավորված զոհերի հարազատների բողոքի ակցիան կառավարության մոտ շարունակվում է․նրանք պահանջում են արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։

«Հայաստան գալու առաջին իսկ օրվանից զբաղվել ենք այս խնդրով, բոլոր գերատեսչություններին դիմել ենք՝ Կարմիր խաչին, վարչապետին նամակներ ենք ուղարկել,  աշխատակազմին ենք դիմել, այնտեղից մեզ ԱԳՆ են ուղարկել, նախարարությունից էլ ասել են՝ մեր տիրույթում չի հարցը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց զոհված զինծառայող Սասուն Ավանեսյանի քույրը ՝ Բելլա Գալստյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակներն աշխատակազմի կողմից վերահասցեագրվում են Ազգային անվտանգության ծառայությանը, ԱԱԾ–ը պետի հետ սակայն, հանդիպել չի ստացվում։

«Ինչու՞ եք մեր նամակներն ԱԱԾ ուղարկում։ Մենք լավ հասկանում ենք, որ նման հարցը չի կարող լուծվել առանց երկրի ղեկավարի։ ԱԱԾ նախկին պետ Աբազյանի հետ գոնե կարողանում էինք հանդիպել, ասում էր հարցը մեր ուշադրության կենտրոնում է, նորանշանակ պետի՝ Սիմոնյանի հետ չենք էլ կարողանում հանդիպել, ասում են՝ խիստ ծանր գրաֆիկ ունի»,–ասաց Բելլա Գալստյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները հերթական նամակը հանձնեցին վարչապետի աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ եթե այս անգամ էլ իրենց նամակին հստակ պատասխան չտան, ապա զոհված զինծառայողների հարազատները հաջորդ շաբաթ նստացույց են իրականացնելու կառավարության մոտ։

Նշենք, որ Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները պահանջում են արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ՝ պահանջելով իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։