Ինչու է շտապում Իլհամ Ալիեւը

Ադրբեջանում սկսվել է երկու հայ ռազմագերու՝ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Եւս 14 ռազմագերու դատավարությունն էլ կսկսվի առաջիկա օրերին։ Ադրբեջանական մամուլն այս մասին բավական շատ նյութեր է հրապարակել, ներկայացնելով նաեւ այսպես կոչված «տուժածների», որոնց, իբրեւ թե «հայ զինվորականները կտտանքների են ենթարկել ու խոշտանգել»։ Այնպիսի տպավորություն կա, որ Ադրբեջանում իշխանությունը փորձում է որքան հնարավոր է արագ սկսել հայ ռազմագերիների մասով հարուցված քրեական գործերի դատավարությունները, ինչը նշանակում է, որ Բաքվում կա տրամադրվածություն հայ ռազմագերիների թեման հնարավորինս շուտ փակելու։

Բացի այդ, արդեն որերորդ անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առնչությամբ աշխատանքներ սկսել։ Իսկ այն, որ հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա կիրականացվի, արդեն կասկածի տեղիք չի թողնում, քանի որ կարծես թե նույնիսկ գլոբալ ուժային կենտրոնների եւ մեծ խաղացողների մոտ կա որոշակի կոնսենսուս այս առնչությամբ։

Իհարկե հարց է, թե նախաձեռնողականությունը ում ձեռքում է մնալու։ Ադրբեջանի այս նկատվող շտապողականությունը մտորելու առիթ է տալիս։ Կամ կան որոշակի ժամկետներ սահմանված, որոնք արդեն մոտենում են ավարտին, կամ Ադրբեջանի համար բացված հաջողության պատուհանն է ուր որ է փակվելու, կամ էլ զուտ Հայաստանում իշխանության հնարավոր փոփոխությամբ պայմանավորված, Ալիեւի վարչակարգը փորձում է անել այնպես, որ հետո արդեն՝ Հայաստանի նոր իշխանությունների հետ սակարկությունների տեղ ունենա։

Ամեն դեպքում, որքան էլ զուտ ներադրբեջանական զարգացումներին հաղորդակից լինենք կողքից, սակայն պարզ է, որ առաջիկայում, գուցե ամառվա մեջ կամ գուցե աշնանը՝ Հարավային Կովկասում սկսվելու է փոփոխությունների հաջորդ փուլը եւ բոլորը կարծես թե նախապատրաստվում են՝ բացի Երեւանից։