«Ինչու՞ է ՌԴ ից եկած քաղաքացիներին օդանավակայ...

Պահեստազորում հաշվառված Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է մասնակցի հավաքներին, և Ռուսաստանի Դաշնությունից կամ այլ երկրներից վերադարձողները պարտավոր են կատարել իրենց պարտքը։ Հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ մեկնաբանելով այն աղմկահարույց լուրերը, թե ռազմական ոստիկանության աշխատակիցներն օդանավակայանում ներգրավված են Ռուսաստանից ժամանող քաղաքացիներին բռնի ուժով զինվորական հավաքների ուղարկելու գործում։

Նա կտրականապես հերքել է ընդդիմադիր ակտիվիստների մեղադրանքներն այն մասին, թե իշխանությունը բանակը պատժիչ գործիքի է վերածել իր ընդդիմախոսների դեմ։ Ասրյանն ընդգծել է, որ 2023 թվականից ի վեր պլանային եռամսյա հավաքներով արդեն անցել են տասնյակ հազարավոր պահեստազորայիններ, և այդ գործընթացը կրում է զուտ իրավական բնույթ։

«Եթե քաղաքացին հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անձնագրի տեր, բայց կարծում է, որ կարող է այստեղ գալ ընդամենը մեկ միջոցառման համար՝ մեկ օրով, ու անմիջապես հեռանալ, ապա այդ մարդը սխալ է վարվում»,- նշել է Էդվարդ Ասրյանը։ Այսպիսով՝ ԳՇ պետը պատասխանել է կոնկրետ անձանց թիրախային զորակոչի վերաբերյալ հարցերին, մասնավորապես՝ ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանի դեպքին, որը զինկոմիսարիատի գործողություններում քաղաքական ենթատեքստ էր տեսել։

Ասրյանի պարզաբանմամբ՝ ռազմական ոստիկանությունն օդանավակայանում իրականացնում է բացառապես իր ստանդարտ գործառույթները՝ ուղեկցումն ու պահպանությունը։ Նա ընդգծել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ բնակության վայրից։ Գլխավոր շտաբն առաջնորդվում է միայն զինապարտների հաշվառման ցուցակներով, ուստի պահեստազորայինները պարտավոր են անվերապահորեն ներկայանալ ծանուցագրերով։