Ինչու՞ է իշխանությունը վախենում ընդդիմության...

Քոչարյանի (Հայաստանի երկրորդ նախագահ – խմբ.) ու 2 օլիգարխների իշխանության գալը վատ բան է և դա պետք է կանխել։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ եթե այդ ուժերն ընտրվեն արդար հիմունքներով, դա հանցագործություն չի լինի, սակայն կդառնա շատ վատ երևույթ։ Միևնույն ժամանակ նա նկատել է, որ հետընտրական շրջանում կոալիցիաների ձևավորումը հանցագործություն չէ՝ հավելելով, որ հանցագործություն է ընտրակաշառքը։ «Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ ընտրվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մի շարք ռուսաստանյան օլիգարխների ուժերը բաժանվեցին մի քանի բլոկների և արդեն հետընտրական շրջանում համագործակցություն հաստատեցին։ Դա ինքնին հանցագործություն չէր։

Սակայն վեց ամիս անց Ղուկասյանը ձերբակալվեց կաշառակերության համար։ Ի՞նչ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանին և 2 օլիգարխներին հաջողվի ձեռք բերել մեծամասնության քվեն և գալ իշխանության. Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, քանի որ, ինչպես իրենց իշխանության տարիներին, այդ ժամանկ էլ չեն թողնի, որպեսզի իրավապահներն անեն իրենց գործը։ Հետևաբար, ինչպե՞ս պետք է կանխել դա։ Մարդիկ Քոչարյանին և 2 օլիգարխներին պետք է տան զրո քվե, քանի որ մենք չենք ուզում, որ նրանց իշխանությունը կրկնվի», - ընդգծել է Ռուբինյանը։

Նա հավելեց, որ իշխանությունները նպատակ ունեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստանալ սահմանադրական մեծամասնություն։ «Գագիկ Ծառուկյանը գործարար է, որն ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար և փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա», - պարզաբանել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ սա «օլիգարխ» տերմինի դասական սահմանումն է։ Նա վստահություն է հայտնել, որ որևէ լավ բան չի լինի, եթե օլիգարխները գան իշխանության։ «Քոչարյանը հայտարարում էր, որ պետք է ընտրությունների գնալ մի քանի բլոկով և համագործակցաբար հեռացնել այս իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից և Ծառուկյանի մոտ գործուղված Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրի-2 սցենարն է»,- պարզաբանել է Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ մարդիկ ընտրություն են կատարելու մի կողմից գործող իշխանությունների, մյուս կողմից՝ Քոչարյանի, երկու օլիգարխների և նրանց արբանյակների միջև։ Ըստ նրա տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը զգալիորեն գերազանցում է ցանկացած ընդդիմադիր ուժի վարկանիշը։ «Ուստի իշխանությունը մտահոգվելու առիթ չունի», - հավելել է Ռուբինյանը։