Ինչու է Արայիկ Հարությունյանը վուլկանիզացիայի...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհով ընթացող Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:

Կարճ ժամանակում Կ. Բաղյանն ու Դ. Հովհաննիսյանը ուղևորվում են Երևան-Սևան ավտոճանապարհ, և նշված ճանապարհի 10.5 կմ հատվածում նկատում են «յաշիկը», և կանգնեցնում այն:

Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, և նրա ավտոմեքենայում հայտնաբերվում է օպտիկական սարք, ձեռքի պայուսակում՝ թվով 13 մարտական փամփուշտներ:

Վարորդը՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 43-ամյա Էդուարդ Հարությունյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պատճառով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին:

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:

Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան ի պահ է հանձնվում ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածքում, իսկ կասկածյալ Է. Հարությունյանը ձերբակալվում է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը խոստովանում է, որ Զինված ուժերում օգտագործվող օպտիկական սարքն ու մարտական փամփուշտները ինքը բերել է Արցախից, իսկ ատրճանակը, որը որպես պարգև իրեն է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, թողել է Արցախում:

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ զարմանալի է, որ Է. Հարությունյանը, ով ոչ մի անգամ պատերազմական գործողությունների չի մասնակցել, ըստ հավաստի տեղեկությունների, Ստեփանակերտում ունեցել է վուլկանիզացիա, ու թե ինչու է Ա. Հարությունյանը նրան պարգևատրել անվանական զենքով մնում է գլուխկոտրուկ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։