Ակտիվացումը, այդ թվում կանանց ակտիվացումը կարևոր է մեր տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման ճանապարհին, որովհետև այսօր գոնե էլի վիզուալ տպավորությամբ բազմաթիվ ընտանիքներ Հայաստանում կապրեին, չեմ ասում բացարձակ պայմաններում, բայց ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պրոբլեմները կան մարզերում, բայց մենք ինքներս մեզ մոլորության մեջ ենք գցում, երբ ասում ենք՝ այ մարզերում այդ խնդիրը կա: Ոչ, այդ խնդիրը կա նաև Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում և և ամենուր:
Բայց այս ամենով հանդերձ ևս մի հարց կա, որ իմ կարծիքով մենք բավարար չափով չենք հետազոտում և գոնե թե այստեղ մեզ պետք են պատասխաններ։ Իմ կարծիքով մենք հարցը չենք ձևակերպել և պատասխանն էլ չենք ստացել։ Իսկ հարցը հետևյալն է, կանանց տնտեսական ակտիվացումը, կանանց ավելի մեծ ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այս մեր քաղաքականությունը ի՞նչ ազդեցություն է ունենում մեր ժողովրդագրական իրադրության վրա: Մենք այդտեղ խնդիրներ ունենք, բայց իմ հարցը հետևյալն է. Ինչքանո՞վ են կանայք, որոնք ակտիվ են տնտեսության մեջ, աշխատում են, ինչքանով են ավել կամ պակաս հակված երեխա ունենալ:
Սա շատ ուղիղ հարց է: Իհարկե, մենք մինչև երկու տարեկան երեխաների խնամքի ծրագիր ենք իրականացնում, այդտեղ որոշակիորեն բալանսավորելու համար հնարավոր խոչընդոտները, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար դայակների ծրագիր ունեինք և այլն, բայց այս հարցը նույնպես շատ կարևոր է, որ մենք այսօրվա մեր քաղաքականությունների առնչության վերաբերյալ պատասխան ունենանք, և եթե այդ պատասխանը մեզ չի բավարարում, նաև հասկանանք այս ուղղությամբ ինչ լրացուցիչ ջանքեր ունենք գործադրելու»,- հայտարարեց վարչապետը:



