Ինչպե՞ս նպաստել անտուն կենդանիներին ընտանիքով...

Երևանի քաղաքապետարանում տեղի  է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբավող կառույցների ներկայացուցիչներ և անհատներ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և նախանշվել  դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Դիտարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները, որոնք կնպաստեն անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելուն, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի բարձրացմանը և վտանգավոր հիվանդությունների կանխարգելմանը:

Ներկաները հանդես են եկել  կազմակերպության գործառույթներում փոփոխություններ կատարելու առաջարկներով, որոնք առաջիկայում կքննարկվեն:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպել այց «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կենդանասերները հնարավորություն կունենան խնամել կենդանիներին և մասնակցել ձմռանը նախապաստրաստվելու միջոցառումներին: