Ինչպե՞ս են ադրբեջանցիները անխոչընդոտ անցնելու...

Փաստաթուղթը բանակցվել է, վերաբանակցելու հիմք չեմ տեսնում: Անխոչընդոտ անցման հետ կապված բազմիցս մեկնաբանություններ տվել ենք: Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու թե Ադրբեջանից Նախիջևան անցման, թե միջազգային տրանզիտի համար, բայց այդ անցումը բնականաբար տեղի է ունենալու Հայաստանի իրավազորության ներքո: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի հայտարարությանը՝ ԹՐԻՓՓ-ի իրավական փաստաթուղթ չլինելու և Հայաստանի 26 տոկոս սուվերենություն ունենալու մասին՝ Սարգիս Խանդանյանը նշեց, որ փաստաթղթի նախաբանում էլ գրված է, որ այն իրավական չէ. «Մեծ բանակցող, վերլուծաբան և տեսաբան լինել պետք չէ պարզելու համար, որ այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի: Դա հայտարարություն է արտգործնախարարի և պետքարտուղարի բանակցությունների հետևանքով: Դա շրջանակ է ու քաղաքական հանձնառություն է, որին կհետևեն իրավական փաստաթղթերը»:

Խոսելով սուվերենության մասին՝ Խանդյանը շեշտեց, որ ԹՐԻՓՓ-ի նախագծով Հայաստանը որևէ սուվերենության խախտում չի ունենալու. «Չունենալով որևէ տոկոս մասնաբաժին հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանի սուվերենությունը խախտվում էր: ԹՐԻՓՓ-ի նախագծով առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու»: