Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությու...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի դիրքը դժվար է հաջողված համարել․ իշխող ուժը նրան տեղավորել է ընդամենը 96-րդ հորիզոնականում։ Մի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ակտիվ դեմքերից համարվող պատգամավորը այսօր փաստացի հայտնվել է քաղաքական հետին պլանում։ Սակայն, եթե քաղաքական կշիռը նվազել է, ապա ֆինանսական պատկերը՝ ճիշտ հակառակը։

ArmLur.am-ի ուսումնասիրած հայտարարագրերը ցույց են տալիս ուշագրավ մի պատկեր․ 2021-ից մինչև 2025 թվականը պատգամավորի դրամական միջոցներն ու եկամուտները զգալի աճ են արձանագրել՝ այն դեպքում, երբ քաղաքական դիրքերը ոչ միայն չեն ամրապնդվել, այլ ակնհայտորեն թուլացել են։

2021 թվականին Հերիքնազ Տիգրանյանը հայտարարագրել էր զրոյական կանխիկ միջոցներ։ Բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ ընդհանրապես ներկայացված չէին։ Նրա տարեկան եկամուտը կազմել էր շուրջ 10.9 միլիոն դրամ, իսկ բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդը՝ ավելի քան 24.3 միլիոն դրամ։

Սակայն արդեն 2025 թվականի ավարտին պատկերը լրիվ այլ է։ Պատգամավորի բանկային հաշիվներում առկա է գրեթե 4 միլիոն դրամ՝ 3 մլն 972 հազար դրամ, կանխիկ միջոցները հասել են 1.5 միլիոն դրամի, իսկ տարեկան եկամուտները գերազանցել են 18.3 միլիոն դրամը։ Ընդ որում, միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը կազմել է ավելի քան 16.3 միլիոն դրամ։

Հետաքրքիր է նաև, որ պատգամավորի եկամուտների աճը գրեթե զուգահեռ է եղել նրա քաղաքական ազդեցության նվազմանը։ Մինչ ՔՊ-ում նոր դեմքերն առաջ են մղվում, իսկ հին թիմակիցներից շատերը մղվում են երկրորդ պլան, Տիգրանյանի ֆինանսական վիճակը տարեցտարի բարելավվել է։

2022 թվականին նա բանկային հաշիվներում ունեցել է ընդամենը 62 հազար դրամ և բառացիորեն խորհրդանշական՝ 1320 դրամ կանխիկ գումար։ Սակայն արդեն մեկ տարի անց՝ 2023-ին, բանկային միջոցները հասել են մոտ 1.8 միլիոն դրամի, իսկ 2024-ին, թեև հաշիվների մնացորդը նվազել է մինչև 190 հազար դրամ, կանխիկ միջոցները աճել են մինչև 2.3 միլիոն դրամ։

Այս ամենին զուգահեռ նվազել է նաև նրա վարկային բեռը․

2021 թվականին՝ 24.3 մլն դրամ,

2025 թվականին՝ արդեն 19.2 մլն դրամ։

Այսինքն՝ պատգամավորը ոչ միայն կարողացել է կուտակել դրամական միջոցներ, այլ նաև աստիճանաբար մարել է բնակարանի վարկը։

Հիշեցնենք, որ պատգամավորին և նրա ընտանիքին պատկանող գույքային ցանկը բավական համեստ է․ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, ինչպես նաև 1994 թվականի արտադրության MERCEDES-BENZ ավտոմեքենա։ Սակայն հենց դրամական հոսքերի աճն է, որ առավել խոսուն է թվում։

Հատկանշական է նաև եկամուտների կառուցվածքը։ Բացի պատգամավորական աշխատավարձից, Տիգրանյանը տարբեր տարիներին եկամուտներ է ստացել նաև Ռուս-հայկական համալսարանից, ինչպես նաև «այլ եկամուտ» ձևակերպմամբ գումարներ, որոնք որոշ տարիների հասել են ավելի քան 2 միլիոն դրամի։

Ստացվում է բավական հետաքրքիր քաղաքական-ֆինանսական հակասություն․ ՔՊ-ի ներսում ազդեցությունը նվազում է, բայց ֆինանսական ցուցանիշները՝ աճում։ Եվ եթե իշխող թիմում պատգամավորի քաղաքական ապագան մշուշոտ է թվում, ապա նրա անձնական ֆինանսական հաշվեկշիռը վերջին տարիներին միայն ամրապնդվել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: