Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկ...
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հերթական անգամ բարձրաձայնեցի Կուրղինյան փողոցի բնակիչ Վալյա Սարգսյանի ահազանգը, ով 2017 թվականից զրկված է իր տուն գնալու հնարավորությունից՝ ճանապարհ չունենալու պատճառով։ Հիշեցրեցի, որ դեռ 4 ամիս առաջ, երբ խոսել էի այս խնդրից, Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ որևէ տարածք կղզիացած չի կարող մնալ և ճանապարհը պետք է լինի։ Ու չնայած այս հայտարարությանը՝ հարցը մինչ օրս լուծված չէ։
Ավելին, հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, զեկուցելով իրավիճակը, մի քանի անգամ խաբեց Տիգրան Ավինյանին և միամիտի տեղ դրեց նրան։
Սուտ 1․ Տիկին Վալյա Սարգսյանի տունը կիսակառույց է։
Իրականություն․ Տունը երկհարկանի է, կիսակառույց չէ՛ և ապահովված է բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Ի դեպ, այդ տանը Վալյա Սարգսյանի չբնակվելու հանգամանքը չափազանց զվարճացրել էր Գործակարգավարական խորհրդակցության մասնակիցներին և անձամբ Տիգրան Ավինյանին, մինչդեռ նրանք ամոթից պետք է առնվազն լռեին, քանի որ տիկին Վալյան այնտեղ չի բնակվում հենց քաղաքային իշխանության անգործության հետևանքով իր տանը մոտենալու ճանապարհ չունենալու պատճառով։
Սուտ 2․ Այլընտրանքային ճանապարհը հնարավոր է բացել տան հակառակ կողմից։
Իրականություն․ Ճանապարհը փակված է քարե պարսպով, և մինչև վերջերս տիկին Վալյան ստիպված էր այդ պարսպի վրայով անցնել աստիճաններ դնելու միջոցով։ Միայն այն բանից հետո, երբ նա աստիճանից վայր է ընկել և կոտրել ձեռքը, հարևանը համաձայնել է քանդել պարսպի մի փոքր հատվածը։ Բայց պարիսպը դեռ կա, և այդտեղով ճանապարհ բացել հնարավոր չէ։
Սուտ 3․ Առկա փոքրիկ ճանապարհը 4 մետր է։
Իրականություն․ Այդ ճանապարհը բավականին նեղ է և այդտեղ մեքենա, առավել ևս՝ շտապօգնության կամ հրշեջ ծառայության մեքենա չի կարող մտնել։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի այս պահվածը կասկածի տեղիք է տալիս։ Ակամայից սկսում ես մտածել, որ այստեղ կա՛մ կոռուպցիա կա, կա՛մ հովանավորչություն։ Այլապես ո՞րն է ստերի շարք ասելու և իրականությունը խեղաթյուրելու շահագրգռվածությունը։
Պնդում եմ, որ օր առաջ պետք է լուծել տիկին Վալյայի խնդիրը, և վերջ դնել այս աբսուրդային իրավիճակին։