Ինչպե՞ս է բյուջեի վրա ազդելու կենսաթոշակի բար...

Երեք ամիս առաջ դեռ ամփոփված չէր 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, որը ուղիղ կապ ունի հարկման բազայի հետ, այսինքն հարկային ներուժի հետ, և կենսաթոշակների ավելացման, բարձրացման հնարավորությունը ուղիղ կապված է երկրի ֆիսկալ տարածքի հետ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ կենսաթոշակների բարձրացումը բավականին ծանր բեռ էր լինելու, իսկ հիմա որոշվեց բարձրացնել թոշակները 10 հազար դրամով։

«Այսինքն, որքան հարկ է կարողանում գեներացնել երկիրը, որքան տնտեսական ակտիվություն է կարողանում գեներացնել տնտեսությունը և ի՞նչ տեսակ ծախսեր կատարելու հնարավորություն է ընձեռում այս ամենը։ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ՝ այս հնարավորությունը գտնվել է, ֆիսկալ տարածք է ազատվել։ 2026 թվականի համար ընդունված բյուջեում կլինեն համապատասխան փոփոխություններ, բնականաբար ծախսը գնահատված է և կայուն, կանխատեսելի ֆիսկալ տարածք կա այս հարցը հօգուտ մեր հարգարժան թոշակառուների լուծելու համար»,–ասաց նա;

Անդրադառնալով ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հայտարարությանը, որ եթե այլ ընթացիկ ծախսեր չկրճատվեն, եթե կայուն եկամուտներ չլինեն բյուջեի հետ կապված, ֆինանսների նախարարությունը բավականին մեծ խնդրի առաջ է կանգնելու, արդյոք ֆիննախարարությունը գտել է այդ կայուն հոսքը բյուջե, որտեղից է այդ հոսքը լինելու, փոխնախարարը նկատեց. «Շատ կարևոր է, թե երբ եք խոսել պարոն Արամյանի հետ, որովհետև շատ էական է, թե արդյոք ի՞նչ իրողությունների, ի՞նչ ներուժի գնահատմամբ է այս կամ այն եզրահանգումը կատարվում։ Ես շտապեմ ձեր հոռետեսական այդ մտքերը, մտահոգությունը փարատել և հայտնել, որ ծախսը, որը նախատեսվում է կատարել, արդեն գնահատված է, ֆինանսավորումը տեսանելի է և որևէ ֆիսկալ ռիսկ այս առումով ֆինանսների նախարարությունը չի տեսնում։

Այսինքն, չֆինանսավորելու ռիսկ չի լինելու, ֆինանսավորման աղբյուրները հայտնի են, դրանք հավաքագրվող հարկերն են, ոչ հարկային եկամուտներն են, ինչպես մնացյալ բոլոր ծախսերը։ Փառք Աստծո, մենք ունեցել ենք ոչ թե աճի դանդաղում, այլ հակառակը, աճի արագացում, ինչը մեզ լրացուցիչ վստահություն է հաղորդել։

2026–ի բյուջեն ընդունվել է անցյալ տարեվերջին, նույնիսկ տարեվերջից բավական ժամանակ առաջ, այդ պահի դրությամբ իրողություններն այլ էին, կար որոշակի անորոշություն, պետք էր հասկանալ տարեվերջյան աճը ինչպիսի արագացում ունի և ինչ ֆիսկալ տարածք է ազատում»։

Հարցին՝ արդյոք թոշակների բարձրացման որոշումը միանձնյա չչի կայացրել վարչապետը, Արման Պողոսյանը պատասխանեց. «Սա կառավարության հավաքական առաջարկն է։ Առհասարակ պետական հանրային կյանքում որոշումները կայացվում են շատ փաստարկված վերլուծությունների հենքով, կշռադատված, տարբեր շահագրգիռ կողմերի մինչև վերջ լսելու արդյունքում։ Մեկ օրում կամ պահի ազդեցությամբ չեն կարող կարևոր որոշումներ կայացվել»։